Օլիմպավանի պարարվեստի բաժինը երեխաների համար ստեղծում է ստեղծագործական, կարգապահ և բեմական աճի միջավայր, որտեղ համատեղվում են մասնագիտական կրթությունն ու արվեստի հանդեպ սերը։ Դասընթացները նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար և անցկացվում են փորձառու մանկավարժների ղեկավարությամբ։
Գործում են 5 խմբեր՝ 3 պարային և 2 բալետային․
Պարային խմբեր
Նախապատրաստական խումբ՝ 4-6 տարեկան
Կրտսեր համերգային խումբ՝ 7-11 տարեկան
Ավագ համերգային խումբ՝ 11-17 տարեկան
Բալետային խմբեր
Նախապատրաստական խումբ՝ 5-7 տարեկան
Ավագ խումբ՝ 7-10 տարեկան
Ուսումնական ծրագիրը ներառում է տարբեր պարային ուղղություններ՝
դասական պար, հայկական ազգային և ժողովրդական պարեր, ստիլիզացիա, աշխարհի ժողովուրդների պարեր, մոդեռն և ժամանակակից հիփ հոփ։
Յուրաքանչյուր խումբ պարապում է շաբաթական երկու անգամ, իսկ բացակայած պարապմունքները հնարավոր է լրացնել։ Տարվա ընթացքում կազմակերպվում են բաց դասեր, որոնց ընթացքում ծնողները հնարավորություն ունեն հետևելու երեխաների առաջընթացին։ Դասերի ընթացքը հնարավոր է դիտել նաև սպասասրահում տեղադրված էկրանների միջոցով։
Համերգային խմբերը բազմիցս հանդես են եկել Հայաստանի տարբեր բեմերում՝ արժանանալով պատվոգրերի, մեդալների և շնորհակալագրերի։ Պարախումբը մասնակցել է նաև միջազգային փառատոնների՝ Վրաստանում, Մոլդովայում և ԱՄՆ-ում՝ Գլենդելում, Հոլիվուդում և Լաս Վեգասում, որտեղ արժանացել է բարձր մրցանակների և առաջին կարգի պարգևների։
Գեղարվեստական ղեկավար
Պարարվեստի բաժնի գեղարվեստական ղեկավարն է Աննա Պողոսյանը՝ երկարամյա փորձ ունեցող մասնագետ, մանկավարժ և բեմադրիչ։
Նա ավարտել է Սամարայի պարարվեստի ուսումնարանը, ինչպես նաև Սամարայի արվեստի և մշակույթի համալսարանը՝ «Պարի բեմադրություն, պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար և մանկավարժ» մասնագիտությամբ։
Աննա Պողոսյանը շուրջ 52 տարի գործունեություն է ծավալում պարարվեստի ոլորտում, իսկ վերջին 40 տարիներին անընդմեջ զբաղվում է դասավանդմամբ և պարախմբերի ղեկավարմամբ։ Նա միջազգային կարգի մրցավար է և բազմիցս պարգևատրվել է Հայաստանում և արտերկրում։
Տարիների ընթացքում հիմնել և ղեկավարել է մի շարք հայտնի պարային անսամբլներ, ինչպես նաև հայկական պարախմբեր արտերկրում։
